Ղարաբաղյան պատերազմի տարիներին անհետ կորած հայրենակիցների ճակատագրերը պարզելը կարեւորագույն խնդիրներից մեկն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի` գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

Նրա խոսքով, այժմ Հայաստանում անհայտ կորած է համարվում 200 քաղաքացի: «Տարբեր ժամանակներում տվյալներ էին ստացվել նրանցից շատերի Ադրբեջանում գերության մեջ գտնվելու վայրի մասին: Տվյալները փոխանցվում էին բավականին տեղյակ աղբյուրներից: Տեղեկատվությունը ճշտելուց հետո ստացանք 90 անունից կազմված մի ցուցակ», - ասաց Արմեն Կապրիելյանը` ավելացնելով, որ հայկական կողմը քայլեր է ձեռնարկում, այդ թվում` միջազգային կազմակերպությունների օգնությամբ, հայրենակիցների հետագա ճակատագիրը պարզելու համար:

«Ադրբեջանական կողմից արձագանք, ցավոք, դեռեւս չկա. Հուսով եմ, որ եթե մեր առաջարկն ընդունվի, եւ հաջողվի հանդիպում անցկացնել ադրեբջանական Ենթահանձնաժողովի ներկայացուցիչների հետ, հնարավոր կլինի քննարկել նաեւ այդ հարցերը: Սակայն ցավոք, առայժմ հայտնի չէ, թե երբ է դա տեղի ունենալու, եւ ընդհանրապես` տեղի ունենելո՞ւ է, թե` ոչ: Այդուհանդերձ, այդ ցուցակի հարցերը մեր օրակագում են եւ այսօր` կարեւորագույն խնդիրներից մեկը»,-ասաց նա: