Լիբիայի հարավ-արեւելքում միջցեղային բախումների հետեւանքով զոհվել է շուրջ 50 մարդ, եւս 100 մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Al-Arabiya-ն, տեղային պատերազմն ընթանում է տուբու եւ Զուվայա ցեղերի միջեւ, պատերազմի թատերաբեմը Կուֆրա քաղաքն է եւ նրա մերձակայքը: Կատաղի պատերազմը շարունակվում է արդեն 5 օր, որի ընթացքում օգտագործվում են ինչպես թեթեւ զինատեսակներ, այնպես էլ ծանր զրահատեխնիկա:
Նշվում է, որ վիրավորների եւ զոհերի թվում կան կանայք եւ երեխաներ:
Կառավարական զորքերը ռազմական գործողություններին չեն մասնակցում:
Նշենք, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից հետո երկրում պարբերաբար լոկալ հակամարտություններ են ծագում տեղի ցեղերի, կլանների միջեւ: Հստակ վիճակագրություն զոհերի եւ տուժածների մասին չկա:


























