Աշնանը Հայ ազգային կոնգրեսի շարժումը նոր որակով կշարժվի առաջ ելնելով, թե ներքին, թե արտաքին վերադասավորումներից: Այս մասին, այսօր` հուլիսի 2-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, ներքին խնդիրներից են գների թանկացումը, արտագաղթը, կոռուպցիայի ահավոր աճը, հարկերի չհավաքումը, բյուջեի անմխիթար վիճակը, դոլարի աճող փոխարժեքը: Ինչ վերաբերում է արտաքին խնդիրներին, ՀԱԿ անդամը կարծիք հայտնեց, որ աշնանը շատ արագ նոր թափ կստանան ռեգիոնալ պրոցեսները, մասնավորապես, կապված հայ-թուրքական սահմանի հետ, ինչի հետ սերտորեն կապված է ԼՂ հարցը:

«Ներառված են նաեւ Սիրիայի եւ Իրանի դեպքերը: Տարածաշրջանում լարումն աճում է, բոլոր օջախները թեժանում են եւ, բնականաբար, Հայաստանը չի կարող խուսանավել ստեղծված իրավիճակից»,- նկատեց Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, Հայաստանի չընտրված իշխանությունները պարտք ունեն տալու արտաքին ուժերին. «Չընտրվելն իրենց համար ավանս էր, որը պետք է վերադարձնեն: Ես կարծում եմ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում այդ վերադարձի գործընթացը պետք է սկսվի»,-ասաց նա:

Մանուկյանը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ Եվրամիությունը հայտարարել էր, որ ընտրությունների նորմալ անցկացման դեպքում Հայաստանին ֆինանսական օգնություն կտրամադրի, ինչն, ըստ Արամ Մանուկյանի, չեղավ, հետեւաբար կարծում է, որ հայ-թուրքական սահմանի խնդիրը կդառնա թիվ մեկ խնդիր, որտեղ Հայաստանը պետք է ավանսը վերադարձնի, որի մեջ ներառվում է ԼՂ հարցը:

Արամ Մանուկյանը նշեց, որ իրենք կողմ են սահմանի բացմանը, քանի որ ամենակարճ ճանապարհն է դեպի Եվրոպա, սակայն, կողմ չեն, որ այդ ամենը տեղի ունենա քաղաքական առեւտրի արդյունքում: Մասնավորապես նա մտավախություն հայտնեց, որ այդ առեւտրի սեղանին դրված է Հայաստանի կողմից զորքերի դուրսբերումը ազատագրված տարածքներից եւ մյուսը ցեղասպանության խնդրի դրվածքն է: