Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներից որեւէ մեկն այնպիսի  զգացողություն չի ունեցել, թե նախագահական ընտրություններում ՀԱԿ-ը պաշտպանելու է ԲՀԿ-ի թեկնածուին: Այս մասին, այսօր` հուլիսի 2-ին, ասուլիսում նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը:

«Ես հակված չեմ այդպիսի զուտ տեսական խնդիրների մասին մտածելու: Ես համարում եմ ժամանակավրեպ այդպիսի խոսակցությունները: Մի շտապեք»,-ասաց նա, հավելելով, որ դեռ վաղ է խոսել ընդդիմության միասնական թեկնածուի մասին:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, Մանուկյանն ասաց. «Մենք ԲՀԿ-ի, Դաշնակցության հետ, որեւէ բարեկամական, արյունակցական, հարազատական կապ չունենք, բայց խորհրդարանում չի բացառվում շահերի համընկնումը»: Ավելին` կարծում է, որ եթե մինչեւ նախագահական ընտրություններ այսպես շարունակվի, նոր վերադասավորումներ կլինեն:

Նա նշեց, որ իրենց խնդիրն է ՀՀԿ-ից մարդիկ տանել իրենց` ընդդիմադիր թեւ: Որպես օրինակ ՀՀՇ նախագահը հիշեցրեց 2008-ի փետրվարին իրենց միացած գեներալներին: «Օրինակ ՀՀՇ-ն  հզոր թիմ էր, բայց  1995թ-ին մեր թիմի կեսին մի գիշերվա  ընթացքում մոտ 40 պատգամավոր տարան»,-ասաց նա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի