Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հուլիսի, 2-8-ին կայանալիք միասնական քննությունների լրացուցիչ երկրորդ փուլին կմասնակցի 815 դիմորդ, որոնցից 703-ը` Հայաստանում, 112-ը` ԼՂՀ-ում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:
Նրա խոսքով` անգլերենից քննություն կհանձնի 190, կենսաբանությունից` 107, հայոց լեզու եւ հայ գրականությունից` 369, հայոց պատմությունից` 119, մաթեմատիկայից` 258, ֆիզիկայից` 114 դիմորդ:
Երկրորդ փուլին մասնակցելու համար 703 դիմորդներից 61-ը Վրաստանից է, 20-ը` ՌԴ-ից, 1-ական դիմորդ` ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Գերմանիայից, 3-ը` Թուրքմենստանից, 4-ը` Իրանից: Այսօր` հուլիսի 3-ին, կկայանա գրավոր քննություն «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից` միասնական քննությունների լրացուցիչ երկրորդ փուլի շրջանակներում:
Ի դեպ, զուգահեռաբար ընթանում են բանավոր կենտրոնացված եւ ներբուհական քննությունները:
Նշենք, որ հուլիսի 8-ին քննությունները ավարտվելուց հետո, մրցութային հանձնաժողովը կանցնի աշխատանքի եւ ըստ արդյունքների` կորոշի անցումային միավորները: Արդեն հուլիսի 15-ին դիմորդները կիմանան` ով որտեղ է ընդունվել եւ անվճա՞ր, թե՞ վճարովի:




























