Գվատեմալայում հնագետները La Corona հատվածում պեղումների ժամանակ հայտնաբերել են երկրորդ գտածոն, որում մ.թ. 695-696 թթ թվագրությամբ գրություններ կան: Տվյալ արտեֆակտը հերթական անգամ արձանագրում է, որ աշխարհի վերջը վրա կհասնի 2012 թվականի դեկտեմբերի 21-ին:

Սակայն հնագետները կարծում են, որ հայտնաբերված տեքստերը բոլորովին էլ մարգարեություններ չեն, դրանք պատմում են քաղաքակրթության հնագույն քաղաքական պատմության մասին:

Ամերիկացի գիտնականները պատմել են, որ օրացույցը կազմվել է մեր թվարկության 696 թվականին մայաների թագավոր Յուկնում Իչաակ Կահկ Կալամկուլի La Corona այցելության պատվին: Այս այցելությունը կատարվել է պարտությունից մի քանի ամիս անց, որը նա կրել է իր մրցակից Տիկալից:

Հնագույն գրությունների մեծ մասը ներկայացնում է քաղաքական պատմությունը եւ ընդգրկում է շուրջ 200 տարի, սակայն այդուհանդերձ դրանցում կան «աշխարհի վերջի» մասին հիշատակումներ, որը կապվում է ինչ-որ մեծ թագավորի վերադարձի հետ:

Ըստ ամենայնի, իր պարտությունից մարդկանց ուշադրությունը շեղելու համար Կալամկուլը վկայակոչել է ժամանակի ցիկլը, որն ավարտվում է 2012 թվականին, հաղորդում է Infox.ru-ն:

Ճգնաժամերի ժամանակ մայաներն օգտագործել են սեփական օրացույցը, որպեսզի նպաստեն կայունությանը, այլ ոչ թե ապոկալիպսիս կանխագուշակեն, կարծում են գիտնականները: