Սիրիայի հարցով Ժնեւում կայացած «գործողությունների խմբի» հանդիպման մասնակիցները կարող էին հասնել այդ երկրում հակամարտության դադարեցմանը, եթե ճնշում գործադրեին կառավարության եւ ընդդիմության նկատմամբ, կարծում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:

«Այժմ խմբի մասնակիցների համար խիստ կարեւոր է կատարել պարտականությունները եւ կողմերի վրա ճնշում գործադրելով կանխել հակամարտության ռազմականացումը, մոտեցնել  քաղաքական փոփոխությունների հեռանկարները», - ասվում է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հունիսի 2-ին տարածած Բան Կի-մունի հայտարարությունում, գրում է «Վզգլյադը»:

Բան Կի-մունի խոսքով` սիրիական կառավարությունը եւ հակամարտության մյուս կողմերը  տեղերում պետք է լսեն միջազգային հանրության` հատուկ բանագնաց Անանի հետ համագործակցության կոչերը, դադարեցնեն բռնությունը եւ ամբողջությամբ կատարեն իրավիճակի կարգավորման պայմանները, որոնք, մասնավորապես, նախատեսում են հրադադար եւ քաղաքական երկխոսության առկայություն:

«Սիրիացի ժողովուրդն ու տարածաշրջանն այլեւս  ի վիճակի չեն կրել դաժանությունները, տառապանքներն ու քաոսը», - ընդգծել է Բան Կի-մունը: