Երեւանում, հուլիսի 4-ին, Կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա «Հայաստանը Եվրոպայում» համաժողովը, որը համատեղ կազմակերպել են Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ Երեւանի պետհամալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնը:
Համաժողովին մասնակցելու է հուլիսի 3-5-ին պաշտոնական այցով Հարավկովկասյան տարածաշրջան այցելող Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, ՀՀ Ազգային ժողովի եւ Կառավարության անդամներ, ՀՀ պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, գիտակրթական, հետազոտական հաստատությունների, արտերկրի դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Համաժողովի 8 նիստերից յուրաքանչյուրը նվիրված կլինի Հայաստան-Եվրամիություն համագործակցության հասարակական-քաղաքական տարբեր ոլորտներին՝ անվտանգությանը, մարդու իրավունքներին, արդարադատությանը եւ ընտրություններին, արտահայտվելու ազատության խթանմանը, ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցությանը՝ մասնավորապես, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) շուրջ բանակցություններին, վիզաների ազատականացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, պատշաճ կառավարմանը եւ շրջակա միջավայրի պահպանմանն առնչվող հարցերին:



























