Աշխարհում խոշորագույն  Amazon համացանցային խանութը մշակում է իր սեփական  Android-սմարթֆոնը: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում անելով երկու անանուն աղբյուրի:

Amazon-ն անցյալ տարվա աշնանից 200 դոլարով վաճառում է  Kindle Fire պլանշետային համակագիչ, որն աշխատում է Android բջջային պլատֆորմայի վրա: Kindle Fire-ի արժեքը մի քանի դոլարով պակաս է ինքնարժեքից, սակայն  Amazon-ին հաջողվոմ է շահույթ ստանալ իր համացանց խանութի թվային  այլ արտադրանքի վաճառքից: Սմարթֆոնում ընկերությունը հույս ունի նույն բիզնես մոդելը կիրառել եւ ավելի  մեծացնել գրքերի, ֆիլմերի եւ երաժշտության վաճառքն իր առցանց խանութով: 

Amazon-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել ընկերության նախագծերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

Այժմ Amazon-ը գնում է պատենտներ տեխնոլոգիական անլար կապերի ոլորտում, որպեսզի պաշտպանի իր արտադրանքը մրցակիցների հնարավոր դատական հարձակումներից, ինչպես նաեւ բանակցություններ է վարում թայվանյան Foxconn-ի հետ, որն էլ կզբաղվի սարքի արտադրությամբ: