«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է հուլիսի 8-ին Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտ Ռուբեն Հայրապետյանի կողմից «Հելսինկյան ասոցիացիայի» դիտորդ Արման Վեզիրյանին բռնության ենթարկելու փաստը, որը տեղի է ունեցել «ՀՀ-ում խաղաղ հավաքների ազատությունը» դիտարկելու  առաքելություն իրականացնելիս: 

«Այս միջադեպը  մենք գնահատում ենք որպես իրավապաշտպան գործունեության դեմ ուղղված գործողություն, քանի որ առաջին  դեպքը չէ, երբ  «Հելսինկյան ասոցիացիայի» աշխատակիցներին բռնության են ենթարկում, կապված իրավապաշտպան գործունեության հետ, մասնավորապես` կազմակերպության նախագահին եւ այլ դիտորդներին,  որը իրավապահ մարմինների կողմից կոծկվել է կամ համապատասխան ընթացք չի տրվել:

Նմանատիպ միջադեպերը Հայաստանի իշխանության վարած սխալ քաղաքականության հետեւանք են, քանի որ մինչ այս էլ տեղի ունեցած դեպքերին իշխանության կողմից պատշաճ գնահատական չի տրվել, թեեւ ՀՀ նախագահը իր բազմաթիվ հրամանագրերով հաստատել է ՀՀ իրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը:Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի՝ քրեական գործ հարուցելու առիթներից է հանցագործության մասին ԶԼՄ-ների հաղորդումները, իսկ լրատվամիջոցները տարածել են տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություններ, ուստի  Հելսինկյան ասոցիացիան սպասում է իշխանությունների արձագանքին»,- նշել է են հայտարարության հեղինակները:

Նրանք նաեւ նշել են, որ այն պահին երբ պատրաստվում էին հայտարարությունը ուղարկել լրատվամիջոցներին Ռուբեն Հայրապետյանը զանգահարել է Արման Վեզիրյանին, ներողություն խնդրել եւ հայտնել, որ զղջում է իր կատարածի համար: