Վերջին ժամանակներս բավականին խառն են ռուսաստանյան «Բամո» ընկերության գործերը: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Պտտվող լուրերի համաձայն, ՌԴ-ի մեծագույն հոլդինգներից մեկի սեփականատերեր Հովիկ, Մուրադ եւ Բորիս Մուրադյանները նորից մեծ վարկերի «տակ են ընկել»: Մուրադյան եղբայրները, որոնց նախ հաջողվեց ձեռք բերել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, հետո Մուրադ Մուրադյանին հաջողվեց Իրաքում դեսպան նշանակվել, հիմա էլ ասում են, որ նրանք ձեռնամուխ են եղել ՌԴ-ի տարածքով մեկ փոքրիկ քաղաքների տեսքով թաղամասեր կառուցելու գործին: Իրականում այն մեծ շահույթներ կարող է բերել Մուրադյանների ընտանիքին, որոնք տարեցտարի ձեռքները երկարացնում են ինչ ոլորտ ասես` միայն թե այն լավ փող բերի: Ի դեպ, Մուրադյան եղբայրների մեծ վարկերի մեջ ընկնելու «ախորժակները» պայմանավորված են նաեւ Ֆրանսիայում հյուրանոցային համալիր կառուցելու բիզնես հեռանկարով, ուր Մուրադյան եղբայրները իշխանական էլիտայի մակարդակով բավականին լավ «կրուգ» ունեն: Եվ քանի որ Մուրադյանները ամեն տեղ լավ շրջապատ ու «պրախոդ» ունեն, չի բացառվում, որ Մուրադյան եղբայրներից Հովիկ Մուրադյանը առաջիկա ՏԻՄ ընտրություններում փորձի «խաղեր» տալ նաեւ Գեղարքունիքի մարզում: Վերջինս վաղուց մտադրության ունի իր բարեկամներից մի քանիսին համայնքային ղեկավարներ «նշանակելու»: Թեեւ դժվար թե Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նման բան հանդուրժի, քանի որ հնուց Մուրադյանների ու Գրիգորյանների գերդաստանները ոչ այնքան հարթ հարաբերությունների մեջ են եղել»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: