Ֆրանսիայի ղեկավարությունն ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին խորհրդարանի օրակարգ վերադարձնելու հնարավորությունները: Այդ մասին, այսօր` հուլիսի 11-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Ֆրանսիացի դեսպանը հիշեցրել է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը վերջերս հայտարարել էր նշված օրինագիծն օրակարգ վերադարձնելու իր մտադրության մասին: «Եթե ես չեմ սխալվում, նախագահը հայտարարել էր, որ մտադիր է դա անել առանց հետաձգելու` չսպասելով իր նախագահական ժամկետի ավարտին», - նշել է դեսպանը: Ընդ որում, նա բացառել է իր երկրի դիրքորոշման վրա ճնշումը դրսից: «Դա զգայուն հարց է», - ընդգծել է Անրի Ռենոն, ավելացնելով, որ հատուկ նշանակություն ունի այն, որ խոսքը Ֆրանսիայի հայ համայնքի զգացմունքների մասին է:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը շաբաթ օրը հաստատել էր Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծին իր հավատարմությունը` չնայած որ հայ համայնքի ներկայացուցիչները վախենում էին դիրքորոշման փոփոխության համար թուրք-ֆրանսիական հարաբերությունների հայտարարություններից հետո, որն արել էր Ֆրանսիայի ատգործնախարար Լորան Ֆաբիուսը:
Վերջինս բացառել էր Ֆրանսիայի կողմից ցեղասպանությունների ժխտման քրեականացնող օրինագծի ընդունումը,այդ թվում նաեւ հայերինը:
Սակայն նշենք, որ նախագահի գրասենյակը զգույշ է իր արտահայտություններում: Ելիսեյան պալատը չի մեկնաբանել, թե կընդունի արդյոք Օլանդը նոր օրենքը թե ոչ, ընդգծելով, որ ամեն ինչ կախված կլինի վերլուծության արդյունքներից:
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը հայտնի է որպես Բուայեի օրենք, 2011 թվականի դեկտեմբերի 22-ին հավանության էր արժանացել ֆրանսիական իշխանությունների, Արդարադատության նախարարության եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից, այնուհետեւ 2012 թվականի հունվարի 23-ին վավերացվել էր Սենատի կողմից: Ֆրանսիացի մի խումբ սենատորներ այն բողոքարկել էին Սահմանադրական խորհրդում, որն օրինագիծը ճանաչել էր երկրի հիմնական օրենքին անհամապատասխան:



























