Տրապիզոնի նավահանգստի օգտագործումը դեպի Հայաստան եւ Հայաստանից բեռնափոխադրումների համար, ցանկացած դեպքում ձեռնտու է Հայաստանի համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով, Հայաստանն այսօր փոքր-ինչ «սեղմված» է հաղորդակցության ուղիների առումով, եւ դա մեծամասամբ պայմանավորված է հայ-թուրքական սահմանի փակ լինելու հանգամանքով:

«Ես չեմ կարող չողջունել այդ հնարավորությունը, որքան էլ այն քաղաքական ենթատեքստ ունենա, այն Հայաստանի համար բացում է մատչելիությունը դեպի հաղորդակցման նոր ուղիներ, որոնցով էլ Եվրոպան ավելի մոտ է դառնում»,- ասել է տնտեսագետը` ընդգծելով, որ եթե տվյալ հնարավորությունն իրացվի, կարող է թուլանալ Հայաստանի շուրջ օղակը:

Հարցին, թե որքանով է հավանական Տրապիզոնի նավահանգստի օգտագործման հեռանկարը բեռնափոխադրումների համար, «Վարդան Բոստանջյանը կարճ պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Տրապիզոնի նավահանգստի պետ Մուզաֆեր Էրմիշը հայտարարել էր, թե թուրքական կառավարության համաձայնության դեպքում նավահանգիստը պատրաստ է սպասարկել բեռնափոխադրումները Հայաստանից եւ դեպի Հայաստան: