Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը միտված է խաղաղության: Այդ մասին հայտարարել է հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 12-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսում:
Մեկնաբանելով հարցը, թե Հայաստանն ինչպես է մտադիր կատարել միջնորդների կոչը` հասարակությանը պատրաստել խաղաղության, այլ ոչ պատերազմի, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, թե Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ռազմատենչ հայտարարություններ չի արել, չի հայտարարում, որ վերջին 5 տարում 20 անգամ ավելացրել է ռազմական բյուջեն, չի ասում, որ իր ռազմական բյուջեն 10 անգամ շատ է, եւ չի մերժում միջազգային հանրության առաջարկները:
«Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտացոլվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարություններում»,- նշել է Նալբանդյանը: Նախարարը հիշեցրել է Լոս-կաբոսի հայտարարությունը, շեշտել, որ յուրաքանչյուր հայտարարությունից հետո Հայաստանից հնչեցվել է համապատասխան արձագանք, իսկ ադրբեջանական կողմից պատրաստակամություն չի նկատվում:
«Նրանք համատեքստից կտրում են ինչ-որ դրույթի մի մասը, ներկայացնում իրենց մեկնաբանությամբ եւ տեսք ընդունում, թե միջազգային հանրությունն այս կամ այն կարծիքն ունի: Միջազգային հանրությունը հստակ դիրքորոշում ունի, ուժի կիրառումը չի հանգեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման:




























