ՀՅԴ-ն միանշանակ հայտարարել է, որ իր համար առաջնային են սկզբունքները, որոնց համաձայն պետք է առաջադրվի ընդդիմության միասնական թեկնածուն, քանի որ, ակնհայտ է, որ մեկ քաղաքական ուժը չի կարողլուրջ փոփոխություններ իրականացնել երկրում:
Այս մասին, այսօր` հուլիսի 12-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արցվիկ Մինասյանը, պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն կո՞ղմ է նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու առաջադրելուն:
«Հենց դրա համար էլ մենք ասում ենք, որ անհրաժեշտ է միասնական թեկնածու առաջադրելիս միավորվել գաղափարների շուրջ: Եթե մենք ի սկզբանե հրաժարվենք գաղափարներից, ապա միասնական թեկնածուի մասին խոսակցություններն անիմաստ են եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ այդ հարցում կգործի միայնակ»,-ասել է Մինասյանը:
Այդ տեսանկյունից, ըստ պատգամավորի, ՀՅԴ-ն ունի երկու գաղափար. նախ նախագահի թեկնածուն պետք է իր վրա հստակ պարտավորություններ վերցնի, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով անցում կկատարվի կառավարման խորհրդարանական համակարգի, երկրորդ, պետք է ընդդիմությանը լիազորություններ տրվեն վերահսկել ու զսպել իշխանություններին այնպիսի կառույցներում, ինչպիսք են, օրինակ, Վերահսկիչ պալատը եւ այլն:
Միաժամանակ, Ըստ Մինասյանի, իրենք չեն պահանջում, որ այդ կառույցները քաղաքականացվեն, անհրաժեշտ է, որ դրանք ղեկավարող մարդիկ ունենան ընդդիմության վստահությունը:
«Եթե այս երկու սկզբունքների հիման վրա լինի միասնական թեկնածու, ապա ՀՅԴ-ն, ելնելով համախմբման աստիճանից, հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Մենք կաշկանդված չենք նախագահի սեփական թեկնածուն առաջադրելու գաղափարով, սակայն կուսակցության Գերագույն մարմնի նիստում նշվել է, որ մենք պետք է ձգտենք համախմբել ուժերը այդ գաղափարների կամ ՀՅԴ թեկնածուի շուրջ»,-հավելել է դաշնակացական պատգամավորը:



























