Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր` հուլիսի 12-ին, ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը կողմերն արձանագրել են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական, քաղաքական փոխգործակցության, միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ հումանիտար ոլորտներում վերջին տարիներին գրանցված հաջողություններն ու միջպետական հարաբերությունները տարբեր բնագավառներում էլ ավելի զարգացնելու` երկու երկրների ունեցած մեծ ներուժն ու հնարավորությունները:

Չինաստանի դեսպանի գնահատմամբ` հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացումն ու արդյունավետ աշխատանքը լավ օրինակ կարող են դառնալ հետագայում էլ ավելի զարգացնելու համատեղ ձեռնարկատիրությունը, իսկ երկու երկրների մայրաքաղաքների միջեւ ստեղծված ամուր կապերը միջտարածքային զարգացման հիանալի հեռանկարներ կարող են բացել:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը: Ըստ այդմ դեսպանը բարձր է գնահատել խաղաղ բանակցությունների ճանապարհով խնդիրը կարգավորելու Հայաստանի պատրաստակամությունն ու վճռականությունը, ինչը, նրա գնահատմամբ, միակ արդյունավետ եւ իր երկրի ու միջազգային հանրության համար ընդունելի տարբերակն է:

Էդուարդ Շարմազանովը նույնպես կարեւորել է երկու երկրների տնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացումը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությամբ եւ բարձր գնահատել Չինաստանի իշխանությունների հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

ԱԺ փոխխոսնակը երկու բարեկամ երկրների արդյունավետ համագործակցությունն ու տնտեսական զարգացման հեռանկարները պայմանավորել է նաեւ իշխանությունների որդեգրած հստակ, իրատեսական դիրքորոշմամբ ու դրանք իրագործելու հետեւողականությամբ: