Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` հուլիսի 12-ին, ընդունել է ԵԽ Գլխավոր քարտուղարի նորընտիր տեղակալ, ԵԽ Ծրագրերի գլխավոր տնօրեն Գաբրիելա Բատաինի-Դրագոնիին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը շնորհավորել է Բատաինի-Դրագոնին ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալ ընտրվելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի ԵԽ քարտուղարության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը եւ կազմակերպության բարեփոխումների սահուն ընթացքին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդական բարեփոխումների շուրջ: Այդ առումով ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է արձանագրվել ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ոլորտներում, եւ Եվրոպայի Խորհուրդը շարունակելու է իր բազմակողմանի աջակցությունը այդ գործընթացում:
Էդվարդ Նալբանդյանն ու Գաբրիելա Բատաինի-Դրագոնին անդրադարձել են հաջորդ տարի Եվրախորհրդում Հայաստանի նախագահությանն առնչվող մի շարք հարցերի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան–Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրը, դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումների գերակայությունները:
Նույն օրը տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. գործողությունների ծրագրի մեկնարկի համաժողովը, որը ելույթով բացել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:




























