Դոլարի փոխարժեքի տատանումները Հայաստանում շարունակվելու են, քանի որ փոխարժեքի վրա ուղղակիորեն ազդում են արտաքին գործընթացները, հումքի հիմնական տեսակների գների տատանումները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ Հայաստանը ներկրող տնտեսությամբ երկիր է եւ, հետեւաբար, գների յուրաքանչյուր տատանում ազդում է ներկրողների որոշման վրա, եւ նրանք ձեւավորում են կամ մեծ առաջարկ, կամ պահանջարկ: Հենց դրանով էլ պայմանավորված են դոլարի փոխարժեքի կոշտ տատանումները Հայաստանում»,- նկատել է պատգամավորը:
Մինասյանի կարծիքով, մյուս պատճառն այն է, որ երկրում արհեստականորեն իջեցվել է դրամով արտահայտված գումարային բազան, ինչը դոլարի պահանջարկի աճի է հանգեցնում, հատկապես վերջին օրերին: Մեկնաբանելով դոլարի հետագա վարքը` նա նկատել է, թե այն կախված է, թե որ ուղղությամբ կշարժվեն ներկրողները: Երկրորդ, կախված է, թե պետական կառավարման տեսանկյունից ինչ միջոցներ կձեռնարկի կառավարությունը, որ երկրի տնտեսությունում ակտիվություն լինի: Ըստ Մինասյանի, դատելով ներկայիս պասիվ վիճակից, դոլարի տատանումները Հայաստանում կշարունակվեն:



























