Դավիթ Շահնազարյանը Կոնգրեսից դուրս չի եկել, նա հրաժարվել է կենտրոնական գրասենյակի անդամի կարգավիճակից: Այդ մասին այսօր` հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրուցյում հայտարարել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը` մեկնաբանելով Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը:
«Ցանկացած մարդ կարող է լինել Հայ ազգային կոնգրեսի անդամ` կամ Կոնգրեսին անդամակից որեւէ կուսակցության անդամ լինելով, կամ էլ անմիջապես, անդամագրվելով, եթե որեւէ կուսակցության անդամ չէ: Օրինակ նման խնդիր առաջացել էր Ալիկ Արզումանյանի հետ: Նա, լինելով ՀՀՇ-ի անդամ, տարաձայնություններ ուներ Կոնգրեսի հետ, բայց նա Կոնգրեսից դուրս չեկավ մինչեւ այն պահը, երբ ինքը լքեց ՀՀՇ շարքերը: Թեկուզ եւ ֆորմալ առումով, Դավիթ Շահնազարյանը, մնալով ՀՀՇ անդամ, կամա թե ակամա Կոնգրեսի մեջ է»,- ասել է Զուրաբյանը եւ հավելել. «Նա ասել է, թե դուրս է եկել ՀԱԿ կենտրոնական գրասենյակից, հրաժարվել է շտաբի անդամի կարգավիճակից»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Շահնազարյանը մասնակցի ՀԱԿ հանրահավաքներին, Զուրաբյանը խորհուրդ է տվել հարցը տալ Շահնազարյանին:
Նշենք, որ Շահնազարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր. «Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից ես դուրս եմ եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, եւ ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում»:




























