Չիլիացի ռեժիսոր Խոսե Լուիս Տորրես Լեյվան, ում «Ամառը» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» միջազգային 9-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում` «խաղարկային ֆիլմ» ժանրում, նորեկ չէ այս մրցույթում: Այդ մասին հուլիսի 12-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Միքայել Ստամբոլցյանը:
«Լեյվայի վավերագրական ֆիլմերն առաջին անգամ ցուցադրվել են մի քանի տարի առաջ: Այն ժամանակ ռեժիսորը չէր կարողացել անձամբ ներկա գտնվել, իսկ այս անգամ եկել է խաղարկային ֆիլմով: Այն, որ նրա ֆիլմը կրկին ընտրվել է, նշանակում է, որ ռեժիսորն իր ոգով մոտ է «Ոսկե ծիրանին»,- նշել է նա:
Ինքը` Լեյվան պատմել է ֆիլմի մասին, խոստովանել, որ շատ անձնական, գրեթե ինքնակենսագրական ֆիլմ է նկարել: «Ամառը» արտացոլում է մանկության մթնոլորտը, երբ ապրում էր տատիկի եւ պապիկի հետ: Տեղի ունեցածի կենսականությունն արտահայտելու համար նա ֆիլմը նկարել է սիրողական տեսախցիկով: «Ես առաջին անգամ եմ այդ միջոցին դիմում, ինձ համար կարեւոր էր փոխանցել պարզությունն ու զգացմունքների անմիջականությունը»,- նշել է Լեյվան: Նա նաեւ նկատել է, թե կինեմատոգրաֆը Չիլիում բավարար ֆինանսավորում չի ստանում, եւ ֆիլմարտադրությունը լուրջ խնդիր է:
«Ամառը» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2011թ. Վենետիկի կինոփառատոնին:




























