ԱԺ արտակոալիցիոն 4 խմբակցությունների՝ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը տապալվեց: 24 ժամվա ընթացքում Հայ ազգային կոնգրեսին չհաջողվեց հավաքել անհրաժեշտ 44 ստորագրություն, որովհետեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասը բացակայում էր Հայաստանից:
Նախաձեռնությանը միացել էին ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն եւ ԲՀԿ խմբակցությունների մի շարք անդամներ: Հավաքվել էր ընդամենը 21 ստորագրություն:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ընթանում էր արտահերթ նստաշրջան հրավիրելու նախագծի ստորագրման գործընթացը: Կեսօրին «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը ԱԺ-ի մոտ ակցիա է անցկացրել` ԱԺ արտահերթ նստաշրջան անցկացնելու պահանջով: Նրանք հայտարարել էին, որ այն բոլոր պատգամավորները, որոնք իրենց ստորագրությունը չեն դնի արտահերթ նստաշրջան հրավիրելու նախագծի տակ, նպաստած կլինեն «Հարսնաքարի» գործի կոծկմանը
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասված է, թե «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցության» եւ «Ժառանգության» խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները որոշում ենք այլ խմբակցությունների պատգամավորների հետ համատեղ հուլիսի 17-ին ժամը 12-ին հրավիրել Աժ արտահերթ նստաշրջան «2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին» օրակարգով»: Ի դեպ, չորս խմբակցությունները միասին ունեն 54 պատգամավոր:




























