Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին` Պիեռը, նույն ինքը` DJ MOSEY-ը, Երեւանի Սիրահարների այգում հուլիսի 14-ին հանդես է եկել համերգային ծրագրով (ֆոտոռեպորտաժ):
Միջացառումն անցկացվել է հայ –ֆրանսիական «MODD EVENTS» կազմակարպության նախաձեռնությամբ: «MODD EVENTS»-ի հայկական գրասենյակի տնօրեն Արմենուհի Հարությունյանի խոսքով` համերգը նվիրված է Բաստիլի գրավման օրվան:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Սիրահարների այգուց, չնայած քամոտ եղանակին, հանրությունը ջերմորեն ընդունեց DJ MOSEY-ին. երիտասարդները պարում էին ֆրանսիական ռիթմերի տակ, իսկ ավագ սերնդի ներկայացուցիչները հետաքրքրությամբ հետեւում էին այդ ամենին: Հանդես եկան նաեւ հայտնի հայ դիջեյներ, այդ թվում` DJ Vakcina-ն:
Պիեռ Սարկոզին համերգի ընթացքում ոչ մի բառ չասաց, սակայն եռանդով պարում էր իր իսկ ռիթմերի ներքո: Լուսանկարահանում եւ տեսանկարահանում թույլատրվեց մինչեւ համերգի սկիզբը` երկու րոպեի ընթացքում: Լրագրողներին մերժվեց շփվել Պիեռ Սարկոզիի հետ:
DJ MOSEY-ն բացահայտում էր երաժշտական աշխարհի համար եւ բավական հակասական կերպով էր ընդունվում, քանի որ ոչ բոլորն էին կիսում նրա հոր քաղաքական հայացքները: Սակայն հայրը, ով առանձնապես ոգեւորված չէր երաժիշտ որդու գործունեությամբ, չի խանգարում երիտասարդի առաջխաղացմանն այդ ոլորտում:
Պիեռի առաջին ալբոմը թողարկվել է 2010 թ-ին: Վերջին տարիներին նա նաեւ տարբեր աշխարհիկ երեկոների ցանկալի հյուր է: Արդեն մի քանի տարի է, նա հանդիսատեսին ներկայացնում է House, Electro, French House, Nu Disco, Soul, Hip Hop, RnB ոճի կոմպոզիցիաներ, ինչպես նաեւ հանդես գալիս որպես երաժշտական պրոդյուսեր:



























