Հուլիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կանադայի Համայնքների պալատի անդամներ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալեքսանդր Բուլրիսին եւ Ջիմ Կարաջանիսին:

ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշել է, թե վերջին տարիներին Կանադայի հետ համագործակցության բնագավառում առաջընթաց է արձանագրվել, ինչպես նաեւ ասել, որ  Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել խորհրդարանական դիվանագիտությունն որպես պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման կարեւոր ձեւաչափ եւ ողջունել Կանադայի խորհրդարանի պատգամավորների գործունեությունն ուղղված հայ-կանադական հարաբերությունների զարգացմանը:

Նախարար Նալբանդյանը կարեւորել է նաեւ կանադացի խորհրդարանականների մասնակցությունը Արցախում կայանալիք նախագահական  ընտրությունների դիտորդական առաքելությանը, ինչն ԱԳՆ ղեկավարի բնորոշմամբ հնարավորություն է ընձեռում տեղում  ծանոթանալու իրողություններին եւ անաչառ պատկերացում կազմելու ընտրական գործընթացների  ու միջազգային չափանիշներին դրանց համապատասխանության մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ մի շարք տարածաշրջանային խնդիրների: