Լեռնային Ղարաբաղի հանրապետության հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 5 ներկայացուցիչ: Այս մասին NEWS.am-ի թղթակիցն հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Այսպես, Արցախ կմեկնեն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, անդամներ Սիլվա Մարկոսյանը եւ Գեորգի Մարտիրոսյանը, ԿԸՀ աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը եւ ղեկավարի տեղակալ Գեւորգ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին կայանալու են նախագահական ընտրություններ: ԼՂՀ նախագահի ընտրություններին մասնակցելու են երեք թեկնածուներ` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը (1959թ.):
Քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 08:00-ից մինչեւ 20:00: Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 22-ին:



























