Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կազմակերպության անդամները Կրասնոդարի Կրիմսկ քաղաքում ջրհեղեղից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու շտաբ են բացել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՌՀՄ մամուլի ծառայությունից, Կրասնոդարի երկրամասում ՌՀՄ երիտասարդական թեւի ղեկավար Հրաչ Տեր-Կարապետյանը պատմել է, որ Կրիմսկի շրջանում ողբերգության մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո արագացված խորհրդակցություն է անցկացվել, որի արդյունքում որոշում է կայացվել աղետի գոտի ուղարկել անհրաժեշտ օգնություն:
Ողբերգության արդեն երկրորդ օրը Կրիմսկ են մեկնել սննդամթերքով, խմելու ջրով եւ անձնական հիգիենայի պարագաներով լի առաջին երկու մեքենաները: ՌՀՄ Կրասնոդարի երկրամասի երիտասարդության նախաձեռնությանը միացել են ՌՀՄ-ի այլ շրջանների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւս, եւ, մեկ շաբաթ անց, Կրիմսկ, Կիրովի փողոց 150 հասցեում բացվել է Ռուսաստանի հայերի միության շտաբը, որտեղ սկսել է ուղարկվել Ռուսաստանի տարբեր քաղաքներից ՌՀՄ-ի անդամների հավաքած մարդասիրական օգնությունը:
«Տուժածները, անկախ ազգությունից, այնտեղ օգնություն են ստանում սննդամթերքի, կենցաղային քիմիայի եւ այլնի տեսքով: Կրիմսկը մեր ընդհանուր ողբերգությունն է, ընդհանուր ցավը, եւ շատ մարդիկ դեռ օգնության կարիք են զգում: Ռուսաստանի հայերի միության շտաբն իր աշխատանքը կշարունակի այնքան, քանի դեռ դրա անհրաժեշտությունն զգացվում է», - նշել է Հրաչ Տեր-Կարապետյանը:



























