Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն, այսօր` հուլիսի 18-ին, ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունին: Ողջունելով  դեսպանի՝ Հայաստանի խորհրդարանում անցկացրած մի շարք հանդիպումները՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ բարձր է գնահատում Թիան Չանչունի ջանքերը՝ խորացնելու եւ  ամրապնդելու հայ-չինական հարաբերությունները, ամենատարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը: Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ հարաբերությունների զարգացումը Չինաստանի հետ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

Շնորհավորելով Հերմինե Նաղդալյանին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Թիան Չանչունը նկատել է, որ նա ապացույց է եւ լավ օրինակ, թե ինչպես կինը կարող է քաղաքականության մեջ բարձր դիրքերի հասնել: Դեսպանի խոսքով՝ Չինաստանը եւս կարեւորում է կանանց ներկայացվածությունն ու ակտիվ մասնակցությունը քաղաքականության մեջ եւ մյուս ոլորտներում՝ այդ ուղղությամբ ներդնելով նորանոր ջանքեր: Թիան Չանչունը ցանկություն է հայտնել ակտիվացնելու շփումները երկու երկրների կանանց հասարակական կազմակերպությունների միջեւ՝ նշելով, որ այդ հարցում ակնկալում է նաեւ Հերմինե Նաղդալյանի աջակցությունը: Բարձր գնահատելով այս գաղափարը՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը, ով միաժամանակ նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահն է, դեսպանի միջոցով հրավեր փոխանցել է Չինաստանը կերտելու գործում ներդրում ունեցող, հասարակական եւ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող կանանց` այցելելու Հայաստան, քննարկելու համագործակցության, համատեղ արդյունավետ աշխատանքի ուղղությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում հայ-չինական կապերի սերտացման, հարաբերությունների խորացման մեծ ներուժն իրացնելու անհրաժեշտությանը: Հերմինե Նաղդալյանը կարեւորել է այն հանգամանքը, որ տարեցտարի ավելի հաճախակի են դառնում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները, իսկ գործադիր մարմինների միջեւ հաստատված բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ դինամիկ կերպով զարգանում են նաեւ միջխորհրդարանական եւ միջկուսակցական կապերը: Շահեկան արդյունքների հասնելու տեսանկյունից նա առանձնացրել է 2011 թ. մարտին ստեղծված Հայ-չինական հարաբերությունների ուսումնասիրման եւ երկու երկրների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի համակարգման խորհրդի գործունեությունը:

Խոսելով կրթության ոլորտում համագործակցությունից՝ կողմերը հաստատել են, որ այստեղ եւս առաջընթացի բավական մեծ հնարավորություններ են նկատվում, Հայաստանում օրեցօր մեծանում է Չինաստանում կրթությամբ, չինական մշակույթով, լեզվով հետաքրքրվող երիտասարդների թիվը:

Հանդիպման ավարտին զրուցակիցները եւս մեկ անգամ շեշտել են իրենց պատրաստակամությունը՝ ներդնելու նորանոր ջանքեր հայ-չինական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկեցության: