Սիրիայի պաշտպանության նախարար, գեներալ Դաուդ Ռաջհան զոհվել է Դամասկոսում կատարված ահաբեկչության հետեւանքով: Այդ մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով սիրիական պետական արբանյակային «Սիրիա» հեռուստաալիքը:

Մահապարտ-ահաբեկիչը ականապատ ավտոմեքենան կանգնեցրել է Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ այն պահին, երբ այնտեղ կաբինետի անդամների խորհրդակցությունն էր ընթանում ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ: Լավ հսկվող Ռաուդա շրջանում գտնվող շինությանը լուրջ վնաս է հասցվել:

Ինչպես հաղորդում է սիրիական զինված ընդդիմության կողմից հանդես եկող «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, Հանրապետական գվարդիայի մարտիկները շրջափակել են այն թաղամասը, որտեղ գտնվում է կառավարական «Աշ Շամի» հիվանդանոցը, ուր տեղափոխվել են ահաբեկչության հետեւանքով տուժածները:  Լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքը, որը ենթակա է «Հեզբոլահ» շարժմանը եւ աջակցում է Սիրիայի իշխանություններին, հայտնել է, որ վիրավորվել է նաեւ հանրապետության ՆԳՆ-ի ղեկավար  Մուհամեդ Իբրահիմ աշ Շահարը: