ԱՄՆ Կոնգրեսի Սենատի ֆինանսական կոմիտեն, այսօր` հուլիսի 18-ին, հավանություն է տվել միացյալ օրինագծին` Ջեքսոն-Վենիկի ուղղումը վերացնելու եւ Ռուսաստան վրա նորմալ առեւտրային հարաբերութուններ տարածելու մասին: Օրինագիծը նաեւ ներառում է «Մագնիտսկիի ցուցակի» մասին օրինագծից դրույթներ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», նոր օրինագիծն արտահայտում է խորհրադարանականներից շատերի կարծիքը` միասնաբար դիտարկելու արտաքին առեւտուրը եւ տվյալ երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը: Այն կփոխարինի մի շարք փաստաթղթերի, մասնավորապես` 2011 թ. Մերիլենդ նահանգի դեմոկրատ սենատոր Բենջամին Կարդինի օրինագիծը մուտքի արտոնագրի պատժամիջոցների մասին` Hermitage Capital Management ներդրումային ֆոնդի աուդիտոր Սերգեյ Մագնիտսկիի մահվանը մեղսակիցների համար:
Մագնիտսկին մահացել էր 2009 թ. մեկուսարանում` այն բանից հետո, երբ հայտարարել էր Մոսկվայի հարկային եւ ոստիկանության պաշտնյաների 230 մլն դոլարի չարաշահումների մասին:
Ջեքսոն-Վենիկի ուղղումը նախատեսում է ավելի բարձր մաքսատուրքեր ԱՄՆ-ի հետ առեւտրում` այն պետութուններին, ովքեր խախտում են քաղաքացու արտագաղթի իրավունքը: Թեեւ այն գործում էր Սովետական Միության եւ գրեթե ողջ կոմունիստական բլոկի համար (բացի Լեհաստանից եւ Հարավսլավիայից), 1992 թ.-ից Ռուսաստանը պարբերաբար ստանում էր նորմալ առեւտրային հարաբերությունների կարգավիճակ` Կոնգրեսի բացարձակ համաձայնությամբ: Այդուհանդերձ, Ռուսաստանը երկար ժամանակ ցանկանում էր փաստացի ազատությանը գումարել դե-յուրե վերացումը` որպես սառը պատերազմի իմաստազրկված մնացուկի:
Միաձայն հավանություն ստացած օրինագիծն այժմ պիտի ներկայացվի իրավաբանական կոմիտեի քննարկմանը, ապա պիտի հաստատվի Սենատի լիագումար նիստում: Համանման օրինագիծ պիտի հաստատի նաեւ Ներկայացուցիչների պալատը, որից հետո կհամաձայնեցվի միացյալ տեքստը եւ կներկայացվի նախագահի ստորագրությանը:



























