ԱՄՆ-ում հայտնաբերվել է ֆրանսիացի գեղանկարիչ Անրի Մատիսի «Հարճը կարմիր տաբատով» կտավը, որը 2002 թվականին գողացել էին Կարակասի ժամանակակից արվեստի թանգարանից:
Ինչպես հաղորդում է BBC Russian-ը` վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարությունը, կտավը գտնվել է Մայամի-Բիչի հյուրանոցում: Ձերբակալվել են մեկ ամերիկացի եւ մեկ մեքսիկուհի, ովքեր փորձել են վաճառել ստեղծագործությունը: «Գնորդների» դերում հանդես են եկել դաշնային գործակալները, ովքեր ներկայացել են որկես արվեստի գործերի կոլեկցիոներներ:
«ՌԱՊՍԻ»-ն գրում է, որ Մայամիի բնակիչ Պեդրո Անտոնիո Մարկելո Գուսմանը եւ մեքսիկացի Մարիա Մարտա Էլիզա Օրնելաս Լասոն փորձել են վաճառել Մատիսի կտավն ընդամենը 740 հազար դոլարով, չթաքցնելով, որ այն գողացված է:
Ձերբակալվածներին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել գողացված արվեստի գործեր պահելու եւ տեղափոխելու համար:
Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում, հաղորդում է CNN-ը:
Անրի Մատիսի «Հարճը կարմիր տաբատով» կտավը նկարվել է 1925 թվականին: Մասնագետների գնահատմամբ, նրա արժեքը կազմում է մոտ 3 մլն դոլար:


























