Հայաստանի կոմունիստական կուսակցությունը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու 2013-ին նախատեսված նախագահական ընտրություններին: Այս մասին, այսօր` հուլիսի 19-ին, մամուլի ասուլիսում նշել է Կայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: «Ժողովուրդը դեռ չի մարսել խորհրդարանական ընտրությունները, ուստի դեռ վաղ է խոսել նախագահական ընտրությունների մասին»,-ասել է նա:
Ընդունելի նախագահի թեկնածու, ով կկարողանա փոփոխություններ մտցնել երկրի կյանքում, Թովմասյանը չի տեսնում: «Եթե առաջադրվի նախկին նախագահներից որեւէ մեկը, դա դժբախտություն կլինի: Եթե առաջադրվեն երկուսը` ողբերգություն կլինի: Իսկ թե ինչ կլինի, եթե առաջադրվեն բոլոր երեք նախագահները, դատեք ինքներդ»,-նշել է Թովմասյանը:
Ընդդիմության միասնական թեկնածուի դերում նա ընդունելի ֆիգուր չի տեսնում ոչ մի քաղաքական ուժի մոտ, այդ թվում «ձախ» ՀՅԴ-ի: «Պատասխանեմ Ստեփան Շահումյանի խոսքով. «նրանք իրենց սոցիալիստ են անվանում, որպեսզի պայքարեն սոցիալիստների դեմ, հեղափոխական են համարում, որ պայքարեն հեղափոխականների դեմ»,-ասել է Կոմկուսի առաջնորդը:
Նրա խոսքով, ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրմանը կխանգարեն հավակնությունները, որոնք արդեն ի հայտ են եկել «Հարսնաքարի» դեպքի օրակարգով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցով ստորագրահավաքի ժամանակ:
«Ընդդիմությունը ցույց է տվել իր իրական դեմքը եւ չկարողացավ 44 ստորագրություն հավաքել, ունենալով դրանից 10 պատգամավոր ավելի»,-ամփոփել է Թովմասյանը:




























