Երեւան է ժամանել Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար պարոն Տոմաշ Տոմչիկեւիչը` գործարար պատվիրակության հետ գործարար առաքելություն իրականացնելու նպատակով:
Այցելության շրջանակներում Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպել էր հայ-լեհական գործարար համաժողով:
Ելույթներով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար պարոն Ա. Պետրոսյանը, Լեհաստանի հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար պարոն Տոմաշ Տոմչիկեւիչը, ԶՀԳ գլխավոր տնօրեն պարոն Ռ. Հարությունյանը, Լեհաստան-Հայաստան առեւտրի պալատի նախագահ պարոն Զբիգնեւ Շմուրլո:
Զարգացման հայկական գործակալության կողմից տեղի ունեցավ “Հայկական շուկա մուտք գործելու պայմանները, ներդրումային հնարավորությունները Հայաստանում” շնորհանդես:
Իր ողջույնի խոսքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը նշեց, որ գործարար համաժողովը Հայաստանում եւ Լեհաստանում գործունեություն ծավալելու գերազանց առիթ կհանդիսանա: Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարարն իր շնորհակալությունը հայտնեց ընդունելության համար եւ նշեց, որ պետք է Հայաստանը գովազդել Լեհաստանում, որպես բարենպաստ ներդրումային երկիր: Ըստ ԶՀԳ գլխավոր տնօրենի, գործակալությունը եւ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ են ամեն ինչ անել գործարարության զարգացման համար:
Այցելության մի քանի օրերի ընթացքում տեղի կունենան անհատական գործարար հանդիպումներ ինչպես նաեւ այցելություններ ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատ, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միություն համապատասխան նախարարություններ ինչպես նաեւ ձեռնարկություններ: Լեհաստանից ժամանած 8 ընկերություն ներկայացնում են հետեւյալ ոլորտները. միջազգային հեռահաղորդակցություն, լամպերի արտադրություն եւ վաճառք, խորհրդատվական ծառայությունների մատուցում, նորարարական լուծումների նախագծում, բժշկական ծառայություններ, ազատ տնտեսական գոտիներում ներդրումների իրականացում, տեքստիլ արդյունաբերություն, թափոնների կառավարում-շրջակա միջավայրի պահպանում, շինանյութեր, առեւտուր, փայտամշակում-փափուկ կահույք:
2011թ. Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 20,5 մլն ԱՄՆ դոլար, որից արտահանումը կազմել է 926 հազ. ԱՄՆ դոլար եւ ներմուծումը` 19,5մլն ԱՄՆ դոլար:
Հիմնականում արտահանվում են կաուչուկ, խմիչքներ, աղ, ցեմենտ, քար, կտավաքար եւ ներմուծվում են մեխանիզմներ, եթերային յուղեր, կոսմետիկա, էլեկտրական սարքավորում, թուղթ, շաքար, դեղագործական ապրանքներ եւ այլն:
ՀՀ-ում լեհական կապիտալով գործում են 12 ընկերություն:




























