Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում նախագահական ընտրությունների ընթացքում, ժամը 19:00-ի դրությամբ, խախտումների վերաբերյալ ԿԸՀում ոչ մի գրավոր բողոք չի ստացվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ ԿԸՀ մամուլի քարտուղար Միքայել Հաջիյանը: Նրա խոսքով, ընտրություններն ընթանում են անհրաժեշտ մակարդակով, որ մի արտառոց կամ ֆորս-մաժորային իրավիճակ չի արձանագրվել:
«Ոչ մի գրավոր բողոք ԿԸՀ-ն չի ստացել: Եղել են առանձին զանգեր կամ բանավոր դիմումներ, որոնց առնչությամբ տրվել են պարզաբանումներ, ոչ ավելին»,-ընդգծել է նա:
Հաջիյանի ներկայացմամբ, միջազգային դիտորդները բացարձակ մեծամասնությամբ ընտրությունների ընթացքը դրական են գնահատում: «Չեմ ասում բոլորը, քանի որ բոլորի հետ անձնապես չեմ զրուցել, բայց նրանք, ում հետ առիթ է եղել հանդիպել, շատ դրական գնահատականներ են տվել»,-ընդգծել է ԿԸՀ մամուլի քարտուղարը, հավելելով, որ ընտրական գործընթացը շարունակվում է:
Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը (1959թ.) եւ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը:
ԼՂՀ-ի նախագահի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր 85.12% ձայն:




























