Հայաստանը Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը կկնքի 2-3 տարվա ընթացքում; Այդ մասին այսօր` հուլիսի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Դա ենթադրում է Հայաստանի տնտեսական համակարգի համապատասխանեցում եվրոպական չափանիշներին: Խոսքը վերաբերում է առեւտրին եւ առեւտրին առնչվող ոլորտներին: Խոսքը վերաբերում է ոչ միայն զրոյական մաքսատուրքեր ունենալուն, որը ազատ առեւտրի հիմնաքարերից է, այլեւ առեւտրին առնչվող բոլոր համակարգերին, առաջին հերթին որակի վերահսկողության համակարգերին` ստանդարտացում, չափագիտություն, հավատարմագրում»,- ասաց Տ. Դավթյանը:
Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանն արդեն ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիր է կնքել ԱՊՀ երկրների հետ: Առաջիկա 2-3 ամիսներին Հայաստանը կավարտի ներպետական ընթացակարգերը եւ ԱՊՀ ազատ առեւտրի համաձայնագիրը կգործի; Իսկ քանի որ ԱՊՀ-ն եւ ԵՄ-ն Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերներն են, ապա արտահանողների համար լուրջ հեռանկարներ են բացվում` ազատ ու անարգել մուտք գործել խոշորագույն շուկաներ:




























