Դուբայում կենսադիզելային վառելիքով աշխատող, արեւային մարտկոցներով, վերամշակված անվադողերով ավտոբուսներ կհայտնվեն: Էկոլոգիապես մաքուր տրանսպորտի փորձնական ծրագրի մեկնարկն ազդարարել է ԱՄԷ վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը:

Ինչպես գրում է Gulf News թերթը, կենսադիզելով աշխատող շարժիչին զուգահեռ, ավտոբուսները հագեցած կլինեն լուսավորության լուսադիոդային համակարգով, որը սնուցվում է արեւային մարտկոցներից, եւ վերամշակված անվադողերով:

Փորձնական առաջին ավտոբուսները երթուղիներում կփորձարկվեն կես տարվա ընթացքում, ինչից հետո հնարավոր է էկոլոգիական ավտոբուսների քանակի ավելացում:

«Մենք անընդհատ տրանսպորտի նորարարական`«կանաչ» տեսակներ ենք փնտրում, եւ կենսադիզելային ավտոբուսները մեզ կօգնեն էլ ավելի բարելավել հասարակական տրանսպորտի վիճակը: Դրանք սովորական ավտոբուսներից 78%-ով ավելի քիչ են աղտոտում շրջակա միջավայրը», - ասել է հասարակական տրանսպորտի RTA գործակալության ղեկավար Իսսահ Աբդուրահման Ալ Դասարին, ով պետական եւ մասնավոր ընկերություններին կոչ է արել ակտիվ ներդրումներ կատարել տրանսպորտի Էկոլոգիապես մաքուր տեսակների արտադրությունում, գրում է korrespondent.net-ը: