Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակի համար Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը շնորհավորել է Բակո Սահակյանին: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նա գրել է. «Շնորհավորում եմ Վիտալի Բալասանյանին ստացած ծանրակշիռ վստահության համար: Բնականաբար շնորհավորում եմ նաեւ Արցախի ժողովրդին: Անկախ առկա թերություններից՝ այս ընտրություններում երկու դրական տեղաշարժ արձանագրվեց: Նախ, ընտրարշավում ժողովուրդն ունեցավ այլընտրանքային թեկնածու, որն ի ցույց դրեց իշխանության թերությունները, ներկայացրեց այլընտրանքային ծրագիր, ինչին հասարակության զգալի հատվածը հավանություն տվեց: Սա նշանակում է, որ արցախցիները կարողացան ջարդել այն կարծրատիպը, որ իբր թշնամու ջրաղացին ջուր ենք լցնում՝ բարձրաձայնելով մեր իսկ խնդիրների մասին (այս կարծրատիպը կա նաեւ Հայաստանում):
Երկրորդ, Վիտալի Բալասանյանը թեեւ հայտարարել է, որ ընտրությունները «ազատ էին, բայց ոչ արդար», սակայն իր ստացած քվեները համարել է լավ արդյունք՝ քաղաքական նոր կառույցի ստեղծման համար:
Իրոք, Արցախում լուրջ ընդդիմության առկայությունը էապես կարող է նպաստել պետության զարգացմանը եւ նրա միջազգային ճանաչմանը: Ժամանակն է, որ մենք բոլորս Հայաստանում եւ Արցախում գիտակցենք, որ ժողովրդավարության ամրագրումը շատ ավելի է նպաստում մեր անվտանգության եւ պաշտպանության ամրապնդմանը, քան պատերազմի սպառնալիքի շահարկումը եւ այդ համատեքստում մարդու իավունքների եւ ժողովրդավարական գործընթացների կաշկանդումը»,- նշել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացել են նախագահական ընտրությունները: Ժամը 20-ի դրությամբ, երբ փակվել են բոլոր 273 տեղամասերի դռները, քվեարկել էր 72 հազար 833 մարդ, կամ ընտրողների ընդհանուր թվի 73,38 տոկոսը: Ընդհանուր առմամբ, ընտրական ցուցակներում ընդգրկված է եղել 99 հազար 190 մարդ:
Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը, ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը եւ գործող նախագահ Բակո Սահակյանը:
ԼՂՀ-ի նախագահի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր 85.12 տոկոս ձայն:




























