Տնտեսությունում 2012 թ. առաջին կիսամյակի արդյունքները դրական են եւ լավատեսական: Այդ մասին, այսօր` հուլիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով` տնտեսությունում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, կա տնտեսական աշխուժություն, ու այդ ամենը` մակրոտնտեսական կայուն ֆոնի վրա: Նախարարը դրական համարեց, որ տնտեսական իրական հատվածն ավելի արագացված տեմպով է զարգանում:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` 2012 թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.8 % է: Դա, ՀՀ էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ, բավականին բարձր ցուցանիշ է: Տ. Դավթյանի կանխատեսմամբ` այդ դրական դինամիկան կպահպանվի մինչեւ տարեվերջ:



























