Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում Բակո Սահակյանը ճանաչվել է Ղարաբաղի ընտրված նախագահ:
ԿԸՀ-ն հայտարարել է, որ ցուցակներում ընտրողների ընդհանուր քանակը եղել է 99 227 մարդ, ընտրատեղամասերի հանձնած քվեաթերթիկները եղել են 102 283հատ, մարված քվեաթերթիկները` 29 324 հատ, գրանցված եւ քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը կազմել է 72 958 մարդ: Վիտալի Բալասանյանի օգտին քվեարկել է 22 967 մարդ, Բակո Սահակյանի օգտին` 47 095,
Արկադի Սողոմոնյանի օգտին` 593 մարդ: Ըստ այդմ, ԼՂՀ-ի ԿԸՀ-ն Բակո Սահակյանին ճանաչել է Ղարաբաղի ընտրված նախագահ:
ԼՂՀ ԿԸՀ-ի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը երախտիքի խոսք է հայտնել կենտրոնական, տարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին, տեղական եւ միջազգային դիտորդներին, ԿԸՀ-ի մամուլի կենտրոնի աշխատակիցներին, հասարակական կազմակերպություններին, ԱԳՆ-ի աշխատակիցներին, Ոստիկանությանը, Պաշտպանության բանակին, ազգային անվտանգության ծառայությանը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, կապի եւ սպասարկման ոլորտի աշխատակիցներին ընտրությունները հավուր պատշաճի կազմակերպելու գործում ցուցաբերած աջակցության համար:
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ԼՂՀ-ի բոլոր քաղաքացիներին նախագահական ընտրություններին աշխույժ մասնակցության համար, ինչը հերթական անգամ հաստատեց նրանց հավատարմությունը Արցախի պետության կայացմանը եւ ժողովրդավարության զարգացմանը:




























