Հայաստանի ոստիկանությունը շարունակում է հասարակության եւ, առաջին հերթին, լրագրողների հետ կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքը (ֆոտոռեպորտաժ):

Այդ աշխատանքի շրջանակներում, այսօր` հուլիսի 23-ին, Ոստիկանությունը լրագրողների համար կազմակերպել էր այցելություն Դավիթաշենի շրջանում գտնվող ոստիկանության հրաձգարան:

Դժբախտ պատահարներից խուսափելու համար, կրակելու պրակտիկ վարժություններին անցնելուց առաջ մամուլի ներկայացուցիչներին ծանոթացրել են անվտանգության կանոններին, սովորել են քանդել ու հավաքել «Մակարով» ատրճանակը, տեղեկացել ատրճանակի տեխնիկական տվյալների մասին:

Յուրաքանչյուր լրագրողի հնարավորություն է տրվել «Մակարով» ատրճանակից 20 մետր հեռավորությունից արձակել 5 կրակոց: Լավագույն կրակող լրագրողներն արժանացել են պատվոգրերի:

Առաջին տեղը գրավել է «Շանթ» հեռուստաընկերության թղթակից Վարդան Թադեւոսյանը, երկրորդ տեղը գրավել է «Ար» հեռուստաընկերության թղթակից Կարեն Խաչատրյանը, իսկ երրորդ տեղը` «Հ1»-ի լրագրող Հայկ Հովհաննիսյանը:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչ լրագրողները, այդ թվում NEWS.am-ի ֆոտոթղթակից Սոնա Բարսեղյանն, արժանացել են հատուկ պատվոգրերի:

Ոստիկանությունում որոշել են  տարվա ընթացքում մի քանի անգամ նմանատիպ միջոցառումներ կազմակերպել: Հնարավոր է, որ հետագայում լավագույն կրակողին որպես մրցանակ գազային ատրճանակ կհանձնեն:

Ոստիկանությունն իր նախաձեռնությունը բացատրում է նրանով, որ ժամանակակից աշխարհում ցանկացած քաղաքացի, հատկապես մամուլի ներկայացուցիչը, պետք է զենքի հետ վարվելու կանոններն իմանա: