2012 թ. առաջին կիսամյակում փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկերի երաշխավորման պետական ծրագրի շրջանակներում 21 փոքր ձեռնարկություններ վարկ են ստացել` 1.3 մլրդ դրամի չափով: Այդ մասին այսօր` հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Նախարարի տեղեկացմամբ` օժանդակություն ստացած փոքր եւ միջին ձեռնարկությունների 93,5 %-ը գտնվում են Հայաստանի մարզերում, 6,5 %-ը` Երեւանում:

Նշենք, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկերի երաշխավորման պետական ծրագիրն իրականացնում է Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը:

Միջին ձեռնարկություններին օգնելու նպատակով, ըստ Տ. Դավթյանի, նախատեսվում է նաեւ ընդլայնել ավելացված արժեքի հարկի տարկետման իրավունքից օգտվողների շրջանակը` ներդրումային ծրագրի համար 300 մլն դրամի շեմը նվազեցնելու միջոցով: