Այս շաբաթվա վերջին Բաքու կժամանի Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Ինչպես դիվանագիտական իրազեկ աղբյուրին վկայակոչելով հայտնում է Turan-ը, հուլիսի 23-ին Մորնինգսթարին ընդունել է պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը, որը դեսպանին հրահանգներ է տվել Ադրբեջանում ԱՄՆ-ի առաջնահերթությունների եւ ակնկալիքների վերաբերյալ:

«Վարչակազմը մեծ նշանակություն է տալիս դեսպան Մորնինգսթարի առաքելությանը», - ընդգծել է աղբյուրը:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, նախագահ Օբաման Մորնինգսթարին Ադրբեջանի դեսպան էր նշանակել ապրիլին: Հունիսի 19-ին  Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը հաստատել էր այդ նշանակումը:

Դրանից առաջ սենատորներ Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը նրան հարցեր էին ուղղել Ալիեւի վարչակարգի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա կատարվող շարունակական հարձակումների եւ Ջուլֆայում հայկական գերեզմանոցի ավերման վերաբերյալ:

Դեսպան Մորնինգսթարը կրկնել է պետքարտուղար Քլինթոնի հիմնական կոչերը` ուղղված բոլոր կողմերին, «զսպվածություն ցուցաբերել, կատարել 1994թ. հրադադարի համաձայնագրով նախատեսված պարտականությունները, ինչպես նաեւ խաղաղության համար անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել»:  Սենատոր  Բոքսերի հարցին ի պատասխան, որտեղ նա հիմնվում է Իլհամ Ալիեւի վերջին հայտարարության վրա այն մասին, որ «Ադրբեջանի գլխավոր թշնամիներիը համայն աշխարի հայերն են», դեսպան Մորնինգսթարն ավելի հստակ է արտահայտվել:

«Եթե ես հաստատվեմ, ես համոզիչ փաստարկներ կներկայացնեմ այն մասին, որ անպատասխանատու հռետորաբանությունն անընդունելի է եւ խաթարում է  հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու մեր ջանքերին: Ես Ադրբեջանի կառավարությանը կոչ կանեմ լինել զուսպ, եւ որ իրենց ժողովրդին նախապատրաստեն խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմի»,– նշել է Մորնինգսթարը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կառավարության կողմից Ջուլֆայում բազմադարյա հայ գերեզմանոցի ավերմանը, դեսպան Մորնինգսթարը խոստացել է «բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի այցելի Ջուլֆայի գերեզմանոց: Ես նաեւԱդրբեջանի կառավարությանը մանրամասն կներկայացնեմ  մեր մտահոգությունը եւ կընդգծեմ Ադրբեջանում հայկական հոգեւոր եւ մշակութային հուշարձանների պահպանման եւ հարգանքի անհրաժեշտությունը»:

Հունիսի 29-ի ընդհանուր նիստին ԱՄՆ-ի Սենատը հաստատել էր Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանի դեսպանի պաշտոնում: