Հայ քաղաքական իրականության մեջ որեւէ մեկն իր խարիզման չի կորցրել եւ չի ավելացրել: Այս մասին, այսօր` հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` արձագանքելով Արմեն Մարտիրոսյանի այն հայտարարությանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կորցրել է իր խարիզման եւ միակ խարիզմատիկ գործիչը Րաֆֆի Հովհաննիսյանն է:

Նրա խոսքով, խնդիրն այն է, որ, որ հայ հասարակությունը չի սիրում պարտված քաղաքական գործիչներին, այլ կարող է միայն կարեկցել:

«Քաղաքականության մեջ մեկ անգամ է շանս տրվում»,-նշեց Սաֆարյանն ու հավելեց, որ կարծում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շանսերը նախագահական ընտրություններում քիչ են: Նա որպես մեկ անգամ շանսը կորցրած գործիչներ հիշեցրեց նաեւ Վազգեն Մանուկյանին, Ստեփան Դեմիրճյանին:

Հարցին, թե ԲՀԿ-ին համարո՞ւմ է ընդդիմություն, «Ժառանգության» ներկայացուցիչը պատասխանեց, որ ԲՀԿ-ն ինքը իրեն ընդդիմություն չի համարում:

Ի դեպ, Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ ուրախ կլինի, եթե ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն հայտարարեն, որ թիվ մեկ ընտրատարածքում սատարելու են իրեն, թեեւ այս պահի դրությամբ դեռեւս առաջադրվելու վերաբերյալ վերջնական որոշում չի կայացրել:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի