Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանն օրերս հանդիպում է ունեցել Իսպանիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դուրան ի Լեյդայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Խորեն Տերտերյանը Պարոն Դուրան ի Լեյդային տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային Ժողովում ձեւավորման փուլում է գտնվում Հայաստան-Իսպանիա բարեկամության խումբը:
Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ: ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը ներկայացրել է եվրոպական ընտանիքին մերձեցմանն ուղղված մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Ողջունելով հայկական կողմի գրանցած առաջընթացը եվրաինտեգրման ոլորտում` Լեյդան ընդգծել է իսպանական կողմի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին այդ ուղղությամբ:
Իսպանացի պատգամավորի խնդրանքով, Խորեն Տերտերյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:




























