Պետք չէ սենսացիա փնտրել նրանում, որ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, հնարավոր է, չառաջադրվի քաղաքագլխի պաշտոնում: Այդ մասին, այսօր` հուլիսի 24-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նրա խոսքով` ոչինչ հավերժ չէ, ամեն ինչ փոխվում է, եւ դա ցանկացած զարգացման եւ առաջընթացի հիմքն է:
«Այսօրվա դրությամբ ՀՀԿ-ն չի կողմնորոշվել Գյումրիի քաղաքապետի սպասվելիք ընտրությունների հարցում, քանի որ հայտնի չէ` էլ ով կառաջադրի իր թեկնածությունը, ինչ իրավիճակ կստեղծվի եւ այլն», - նշել է Եսայանը:
Նա մերժել է NEWS.am-ի թղթակցի խնդրանքը` մեկնաբանել սոցիալական ցանցերում եւ բլոգներում տարածված այն կարծիքը, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն չի աջակցելու Ղուկասյանին: «Իշխող կուսակցությունն այդ առթիվ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել, իսկ դա նշանակում է, որ եզրակացություններ անելը դեռեւս վաղ է: Իսկ սոցիալական ցանցերում եւ բլոգներում ինչ կարծիք ուզում են թող հայտնեն»:
Նշենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտնի է նրանով, որ իր ճառերում եւ ելույթներում հաճախ է խոսում աստծո եւ սատանայի մասին, նաեւ հաճախ անկանխատեսելի է: Օրինակ, 2005 թվականին Ղուկասյանն աչքի էր ընկել հետեւյալ հայտարարությամբ. «Ով իմ դեմ գնա, աստված նրան չի ների.... բոլոր նրանք սատանայի մարմնավորում են եւ այս քաղաքի թշնամիները: Ես եմ այս քաղաքի տերը (Գյումրի), եւ ով ինձ դեմ գնա, նա սատանայի բաժին կդառնա»:
NEWS.am-ի հետ Վարդան Ղուկասյանի հարցազրույցին կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:




























