Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում ծավալուն բարեփոխումներ է իրականացնում, ինչը երկրի հետագա զարգացման գրավականն է: Այդ մասին այսօր` հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը` պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանի քաղաքացիները պետք է քվեարկեն գործող նախագահի օգտին: Պատգամավորը հավելել է, որ այսօրվա դրությամբ պետության ղեկավարի պաշտոնի այլընտրանքային թեկնածու չի տեսնում, քանի որ Սերժ Սարգսյանը գրագետ արտաքին քաղաքականություն է վարում, ընդունակ է լուծել տարածաշրջանային խնդիրները եւ այլն:
«Քաղաքական այլ գործիչներ 5 տարվա ընթացքում իրենց դրսեւորելու հնարավորություն են ունեցել, եւ նրանց գործունեությունն ինձ լավատեսություն չի ներշնչել», -ասել է նա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու քաղաքացիները չպետք է քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին, պատգամավորը նշել է. «Յուրաքանչյուրը պետք է քվեարկի իր քաղաքական պատկերացումների համաձայն»: Ըստ նրա` մյուս թեկնածուին կարող են աջակցել այլ քաղաքական հայացքներով մարդիկ, ինչպես նաեւ կաշառք վերցնողները եւ վախով համակված քաղաքացիները:
Մամուլի ասուլիսի մյուս մասնակիցը` «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը, խոսելով այն մասին, թե ինչու քաղաքացիները չպետք է իրենց ձայները տան գործող նախագահին, պետության ղեկավարին մեղադրել է Հայաստանում եղած բացասական երեւույթների համար: «Երկրում ձեւավորված անվստահության մթնոլորտը, հասարակությունից կտրված տնտեսության զարգացումը եւ այլ բացասական երեւույթները խոսում են այն մասին, որ Հայաստանի քաղաքացիները չպետք է քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին», - ասել է նա: Այն հարցին, թե ինչու Հայաստանի քաղաքացիները պետք է աջակցեն պետության գործող ղեկավարին, Սեդրակյանը հրաժարվել է պատասխանել:
Ընդ որում, Անուշ Սեդրակյանը նշել է, որ եթե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրի իր թեկնածությունը երկրի բարձրագույն պաշտոնի համար, «Ազատ դեմոկրատները» կաջակցեն նրան:
Նշենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013 թվականի փետրվարին:




























