Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 24-ին, ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այս այցը այցը նոր ազդակ կհաղորդի հաստատուն կերպով զարգացող հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Նարիշկինի անձնական ներդրումը երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ամուր պատմական հիմքերի վրա կառուցված եւ դաշնակցային ոգով զարգացող փոխհարաբերություններն ավելի խորացնելու գործում: Սերժ Սարգսյանի խոսքով, անսասան այդ հարաբերությունները հանդիսանում են Հայաստանի անվտանգության անկյունաքարը:
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը եւս գոհունակությամբ է արձանագրել երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը եւ ընդգծել, որ Ռուսաստանը թանկ է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցությունը, որոնք, նրա խոսքով, հատկապես վերջին տասը տարիներին ավելի են ակտիվացել: Սերգեյ Նարիշկինը կարեւորել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում եւ վստահեցրել, որ Հայաստանի խորհրդարանի գործընկերների հետ միասին կանեն ամեն հնարավորը՝ նպաստելու երկու բարեկամ ժողովուրդների եւ երկրների միջեւ կապերի առավել սերտացմանը:




























