Հայաստանը Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը կարող է վավերացնել 2012 թվականի աշնանը: Այդ մասին հուլիսի 24-ին, Երեւանում կայացած ասուլիսում հայտնել է Ռուսաստանի Պետդումայի  նախագահ Սերգեյ Նարիշկինը: 

Ռուսական պատվիրակությունը, ավելացրել է նա, այդ առիթով արդյունավետ քննարկումներ  է իրականացրել:  «Մենք այսօր  ե’ւ խորհրդարանականների, ե’ւ Սերժ Սարգսյանի, ե’ւ կառավարության ղեկավարի  հետ հանդիպմանը շատ  խոսեցինք Եվրասիական նախագծի շրջանակում համագործակցության մասին»,-նշել է Նարիշկինը:

Նա հիշեցրել է Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ արդեն գործող Միասնական մաքսային միության մասին. Այդ երկրների արտաքին առեւտուրը 2011 թվականին արդեն կազմել է 30%:

«Հայաստանի ղեկավարությունն ուշադիր հետեւում է եվրասիական նախագծի զարգացմանը եւ ձգտում է իր տեղը հաստատել դրանում, հասկանալով, որ եվրասիական տնտեսական տարածքը առետրատնտեսական հարաբերությունների հիմք է: Այդպիսով, Հայաստանը կդառնա երրորդ երկիրը Ռուսաստանից եւ Բելառուսից հետո, որը դա կանի»,-ասել է Պետդումայի նախագահը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մարտին պայմանագրի նախագիծը վավերացրել էր Ռուսաստանը, մայիսին` Բելառուսը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի