Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւը 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածու կառաջադրվի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության կողմից: Այսօր` հուլիսի 24-ին, նման հայտարարություն է արել կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը:

«Երկրի զարգացումն ու նրա միջազգային հեղինակության աճը թույլ են տալիս պնդել, որ Ալիեւի թեկնածությունը կպաշտպանեն ոչ միայն «Ենի Ազերբայջանի» 600 հազար անդամները, այլեւ երկրի բնակչության մեծ մասը: Իմանալով քաղաքացիների մեծամասնության կամքը, մենք վճռականորեն եւ միանշանակ նախագահական ընտրություններում կառաջադրենք մեր կուսակցության նախագահի թեկնածությունը»,-ասել է նա, հաղորդում է «ՄԻՌ»-ը:

2009 թվականին Ադրբեջանում տեղի է ունեցել հանրաքվե, որի արդյունքում փոփոխություններ են կատարվել երկրի Սահմանադրության մեջ, մասնավորապես, հանվել է երկու անգամից ավելի անընդմեջ նախագահ ընտրվելու արգելքը: Հիմա ցանկացած քաղաքացի կարող է անսահման թվով ընտրվել երկրի նախագահ:

Նշենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013-ի հոկտեմբերին: