Հումանիտար համագործակցության զարգացումը հատուկ արժեք է Ռուսաստանի եւ Հայաստանի համար: Այդ մասին այսօր` հուլիսի 24-ին,  Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ Երեւանում կայացած համատեղ ասուլիսում նշել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

Ռուս-հայկական հարաբերությունների հումանիտար բաղադրիչը լավ հիմք է բոլոր բնագավառներում համագործակցության զարգացման համար, ավելացրել է նա: «Մենք շնորհակալ ենք Հայաստանի նախագահին, կառավարությանը եւ խորհրդարանին այն բանի համար, որ Հայաստանում  պահպանվում եւ աջակցվում է ռուսերենը` ազգամիջյան շփման լեզուն: Դպրոցներում եւ բուհերում դասավանդվում է ռուսերեն, բազմաթիվ տպագիր հրատարակություններ են լույս տեսնում: Ռուսերենին տիրապետող մասնագետներն ավելի հաճախ են իրենց գիտելիքների կիրառություն գտնում, եւ դա շատ արժեքավոր բաղկացուցիչ է մեր հարաբերություններում», – ընդգծել է Նարիշկինը: