Քիշնեւում Ադրբեջանի դեսպանատան դիմաց, հուլիսի 23-ին, պիկետ է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են ազատ արձակել թալիշ ակտիվիստ, աղմուկ հանած «Ты кто такой? Давай, до свидания» տեսանյութի հեղինակ Գիլալ Մամեդովին:

Ակցիան կազմակերպել է մոլդովական «Հայդ Պարկ» ասոցիացիան:

Իրավապաշտպան ասոցիացիայի անդամ երիտասարդների խումբը հավաքվել է դեսպանատան դիմաց եւ դիմել միջազգային հանրությանը` կոչ անելով արձագանքել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման այս դեպքին:

Պիկետի մասնակիցներն իրենց ընդունած բանաձեւում հիշեցնում են, որ Գիլալ Մամեդովի նախորդին` Նովրուզալի Մամեդովին բանտում սպանել են: Ինչ վերաբերում է Գիլալ մամեդովին հետապնդելու պատճառներին, մոլդովացի իրավապաշտպանները դա կապում են նրա հետ, որ Բաքուն անհանգստացած է «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպման անվան տակ միլիոնավոր դոլարների կոռուպցիայի մասին մամուլի հրապարակումներով եւ խիստ քննադատությամբ:

Միաժամանակ, Գիլալ Մամեդովի պատրաստած տեսանյութը, փաստացի անվճար, մի քանի շաբաթում հայտնի ու ազդեցիկ դարձավ եւ անգամ ռուսական ընդդիմությունը ստսեց այն օգտագործել Պուտինի դեմ:

Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի ղեկավար Լեյլա Յունուսը Turan-ին հայտնել է, որ ինքը հույս ունի, որ նման ակցիաներ տեղի կունենան նաեւ այլ երկրներում Ադրբեջանի դեսպանատների առաջ, թեեւ Ադրբեջանի իշխանությունները կրկին դա կանվանեն «հայկական լոբբիի եւ ներքին ժողովրդի թշնամիների սադրանքը»: