2012 թվականի հուլիսի 1-ից առ այսօր Հայաստանում գրանցվել է օձի խայթոցի 31 դեպք, որից մեկը` մահվան ելքով:
Նշենք, որ հուլիսի 22-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ 54-ամյա Բաբկեն Խաչատրյանին օձը խայթել էր դաշտում: Տուժածը մահացել էր Արմավիրի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին:
Օձի խայթոցի հետեւանքով Երեւանի բուժհաստատություններ է դիմել 8, մարզային բուժհաստատություններ` 22, Կոտայքի մարզ` 8, Արմավիրի մարզ` 6, Տավուշի մարզ` 3, Արագածոտնի մարզ` 2, Վայոց ձորի մարզ` 1, Արարատի մարզ` 2 տուժած:
Հիվանդներին ժամանակին կանխարգելիչ եւ բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ կանխարգելիչ դեղանյութերի որոշակի քանակություն տեղերում պահեստավորելու նպատակով առողջապահության նախարարությունը հանրապետության բոլոր բժշկական կազմակերպությունների հետ համատեղ ձեռնարկել է միջոցառումներ տեղերում շիճուկների եւ պատվաստանյութերի առկայությունն ապահովելու համար: Օձի խայթոցի յուրաքանչյուր դեպքի մասին, սահմանված կարգի համաձայն, հրատապ տեղեկատվություն է տրամադրվում առողջապահության նախարարության «թեժ գծի» հերթապահին, եւ վերցվում է հսկողության տակ:
Այս պահի դրությամբ հանրապետության բժշկական հաստատություններն ապահովված են օձի հակաթույնով, բուժանձնակազմն ունի համապատասխան պատրաստվածություն եւ ներուժ բարձր մակարդակով բուժօգնություն ցուցաբերելու համար:




























